Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Վովան-Լեքսուս պրանկից մինչև ՊՈԱԿ-ի «զեկույց»

Վովան-Լեքսուս պրանկից մինչև ՊՈԱԿ-ի «զեկույց»
25.09.2026 | 15:25

(կամ՝ ինչպես է 8-ամյա փոշին փորձում կոտրել 1725-ամյա միջնաբերդը)

Գրողի տաղանդի գերագույն վկայությունը նրա կերպարների «անհնազանդությունն» է, երբ դրանք պատռում են գրքի էջերը, անտեսում ժամանակն ու տարածությունը և, մարմնավորվելով հանրային կյանքում, վերածվում ազգային ու քաղաքական մտածողության յուրօրինակ կոդի:

Դրանք սովորական գրական հորինվածքներ չեն, այլ ինքնուրույն էներգետիկայով ու կենսագրությամբ օժտված էակներ, որոնք անկոչ ներխուժում են մեր իրականություն, թելադրում խաղի սեփական կանոններն ու հաճախ դառնում ավելի իրական, քան իրենց գրական նախատիպերը:

Դրանք դարերի միջով անցնող հավերժական ախտորոշիչներ են․ լինեն Չացկին ու Ֆամուսովը, Մոլչալինն ու Զագորեցկին, թե՝ մեր Քաջ Նազարը, Անբան Հուռին կամ Ձախորդ Փանոսը։ Նրանց անուններով, արատներով ու թևավոր խոսքերով ենք այսօր էլ ճանաչում մեր ժամանակակիցներին, մերկացնում քաղաքական խեղկատակությունն ու հանրային տկարությունները։

Հանճարեղ ստեղծագործողը ոչ թե հերթական վեպն է գրում, այլ կերտում է ինքնավար գոյեր, որոնք, հաղթահարելով ֆիզիկական աշխարհի օրենքները, դուրս են գալիս իրենց «թղթե» ու «կադաստրային» սահմաններից և ապրում սեփական կյանքով։

Առակս զի՞նչ ցուցանե։

Ընդամենն այն, որ երբ լսում էի «Երկրի հակառակ»՝ անառա՛կ կողմից մեր արժանապատիվ կյանք ներխուժած սիմբիոզին (նրան, ով սեփական գրքով հանրայնացրել է արձան բռնաբարելու, դեռահաս պատանիներ լլկելու իր մոլուցքներն ու այլանդակ պատկերացումները), մտքումս անվերջ հնչում էր Չացկու հայտնի հարցադրումը․ «А судьи кто?»։

Թևավոր այս խոսքն ուղղված էր հենց նրանց, ովքեր, մինչև լոշտակ ականջները թաթախված կոռուպցիայի, կեղծիքի, հոգևոր ու մարմնական պոռնկության մեջ, փորձում են նստել դատավորի աթոռին և ուրիշներին «բարոյականություն» ու «օրենք» սովորեցնել։

Նիկոլը և նրա քարոզչական ՊՈԱԿ-ը, որոնք իրենց իշխանավարման ընթացքում աչքի են ընկել պետականության հիմքերը քանդելով, 2000-ականներին ծնվածների մի ողջ փաղանգ Եռաբլուր ճանապարհելով, հողային ու ֆինանսական անմաքուր գործարքներով, պարգևավճարային «թալանով» և ազգային արժեքների անխնա ոչնչացմամբ, այսօր իրենց մեղքերից ճկված, հիլոտ ուսերին դատավորի պատմուճան գցած՝ 1725-ամյա Եկեղեցուն են «դատում»։

Գրիբոյեդովյան կերպարները՝ Ֆամուսովն ու Մոլչալինը, Զագորեցկին ու մյուսները, հրաշալի հայելի են, որ սահմռկեցուցիչ ճշգրտությամբ արտացոլում են ՔՊ-ի «իրական» կոչած՝ 29 743 քառ․ կմ տարածքում բացառապես ապօրինություններով զբաղված իշխանական համակարգի բուն էությունը։

Այստեղ ֆամուսովներն են՝ պետական ապարատը սեփական կլանային ու ֆինանսական շահերին ծառայեցնողները, որոնց համար ճշմարտությունն ու գիտելիքը խիստ վտանգավոր են («Забрать все книги бы, да сжечь!»)։

Այստեղ են մոլչալինները՝ «սուրբ անգրագիտությամբ» օժտված, ճկվող, «բարձր դռների» առաջ սողացող, բայց ամբիոններից հոխորտացող թերուս երեսփոխաններն ու չինովնիկները, որոնց միակ «արժանիքը» հարմարվողականությունն է։

Եվ, վերջապես, զագորեցկիները՝ «լրագրողական» ու «մեդիա» դաշտի խարդախները, քարոզչական ՊՈԱԿ-ների խորշերում թառած, զրպարտություններ, կեղծիքներ ու «զեկույցներ» հորինող, հանրությանն իրար դեմ հանող և սրբություններ պղծող բանսարկուները։

Երբ ֆամուսովյան հասարակությունը չի կարողանում հաղթել Չացկու տրամաբանությանն ու ճշմարտությանը, գտնում է ամենապարզ ու նենգ լուծումը՝ անհնազանդին հայտարարում է «խելագար»։

Այդպես էլ նիկոլական վարչախումբը․ չկարողանալով կոտրել Եկեղեցու, ազգայինների ու այլախոհների տրամաբանությունն ու դիմադրությունը, բոլորին պիտակավորում է՝ «դավաճան», «ռևանշիստ», «Կրեմլի ագենտ», իսկ 1725-ամյա Եկեղեցին՝ «բռնազավթված»։

Ներկայացվածը մեզ ծանոթ «Խելքից պատուհասը» կատակերգությունից փախած արատավորների մի ամբողջ հավաքածու է, որն այսօր դարձել է նիկոլական դեմքով պետական քաղաքականություն։

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի սպառնալից նախադասությունը՝ «Այս թեմային մենք դեռ կվերադառնանք», որով նա ամփոփում էր քարոզչական ՊՈԱԿ-ի պատրաստած «սենսացիոն» զեկույցի պրեմիերան, պատահական բառակույտ չէր։

Դա ընդամենը հերթական արարն էր այն երկարամյա ու համակարգված արշավի, որի յուրաքանչյուր շտրիխ ունի իր հստակ, հակահայկական թաքնագրերն ու կոդերը։ Սա բացահայտ նախազգուշացում է, որ պետական ապարատն ու դրա քարոզչամեքենան պատրաստվում են եկեղեցազրկման նոր, ավելի վտանգավոր փուլի։

Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ, երբ հայտնի ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը պայթեցրին միջազգային դիվանագիտության կեղծ օրակարգը։ ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյա, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ կեղծ «Փաշինյանի» զրույցը ձևով ընդամենը մեդիասադրանք էր, բայց բովանդակությամբ՝ անողոք քաղաքական ռենտգեն, որը մեկ վայրկյանում հայտածեց թուրքական դիվանագիտության ենթագիտակցական օրակարգն ու գենետիկ հակահայկականությունը։

Երբ կեղծ «Փաշինյանը» խոսում էր Եկեղեցու դեմ արշավի և Կաթողիկոսին «փոխարինելու» մասին, միջազգային կառույցը ներկայացնող թուրք պաշտոնյան ոչ թե հիշում էր մարդու իրավունքներն ու դիվանագիտական չեզոքությունը, այլ տենդագին ճշտում․ «Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել Կաթողիկոսին»՝ ավելացնելով․ «Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

Սա եվրոպական կոստյում հագած, բայց օսմանյան յաթաղանի մտածողությամբ գործչի մերկացումն էր։ Այն, ինչ դարեր շարունակ թուրքական ռազմավարությանը չհաջողվեց անել բացահայտ յաթաղանով, այսօր փորձում են անել միջազգային կառույցների միջնորդությամբ և ներսի դավադիր հանցակցությամբ։

Ահա թե որտեղ են համընկնում ՊՈԱԿ-ի «զեկույցն» ու Անկարայի դարավոր երազանքը․

Նիկոլ Փաշինյանի «Այս թեմային մենք դեռ կվերադառնանք» սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան սինիրլիօղլուներին տրված պատասխան-խոստում․ «Այո՛, մենք փորձում ենք, մենք կանենք դա»։

Ի՞նչ արեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման աշխարհաքաղաքական ու դիվանագիտական մերկացումից հետո։

Ոչի՛նչ։

ԱԳՆ-ն, որին արհեստականորեն «պոչից կապեցին» «միջազգային առևտրի» կցորդը, ազգային անվտանգության ու պետական դիվանագիտության սպասարկումից վերածվել է ինֆանտիլ, առևտրային գրասենյակի, որտեղ դեռ նոր-նոր փորձում են «ինքնակրթվել» ու հասկանալ, թե ինչ է առևտուրը։

Երբ թուրք պաշտոնյան բացահայտ քննարկում է Հայ Եկեղեցու գլխավորին «խաղից հանելու» սցենարը, ազգային արժանապատվությունն ու դիվանագիտական ռեֆլեքսները կորցրած այս կառույցը, սովորության համաձայն, նախընտրեց բերանը ջուր առնել։ Տիրեց մահացու, գերեզմանային լռություն։

Որովհետև երբ պետական դիվանագիտությունը թարգմանվում է որպես մանր-մունր առևտուր, իսկ հայոց հոգևոր բերդը գրոհելու օտարի ցանկությանը պատասխանվում է հնազանդ լռությամբ, իշխող վարչախումբը վերջնականապես սինքրոնացվում է թուրք-ադրբեջանական այն օրակարգին, որի գլխավոր նպատակը Հայ Եկեղեցու և հայոց պետականության կազմաքանդումն է։

Եվ ահա 2026-ի սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, Էրդողան-Փաշինյան մութ հետագծերով հերթական հանդիպումից հետո լռության փուլին հաջորդում է պաշտոնական հարձակումը։

Ընդամենը 8-ամյա «փոշին» (ի դեմս օրվա քաղաքական վարչախմբի) «զեկույց» է պատրաստում ընդդեմ 1725-ամյա դարավոր կառույցի։

ՊՈԱԿ-ի միջոցով հանրությանը մատուցվող «ճգնաժամի» մասին թեզերը և Եկեղեցին «բռնազավթված» հայտարարելու փորձերը ոչ այլ ինչ են, քան արտաքին կասկածելի պայմանավորվածություններին «միս ու արյուն» հաղորդելու, դրանք վարչական ու քարոզչական լծակներով կյանքի կոչելու բացահայտ ընթացք։

Սեպտեմբերի 27-ի նախօրյակին 74-էջանոց այդ զրպարտագիրը հանրային դաշտ նետելն ունի չափազանց խորը, հաշվարկված և մռայլ, դիվային սիմվոլիկա։

Սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամենացավոտ, արյունոտ ու ողբերգական հանգրվանն է՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի, հազարավոր նահատակների, հայրենազրկման և ազգային ողբերգության «զրոյական» կետը։

Այդ ահասարսուռ տարելիցի նախօրյակին պետականության կործանման, հազարավոր զոհերի ու աշխարհաքաղաքական կապիտուլյացիաների սեփական մեղքն ու պատմական պատասխանատվությունը հանրային գիտակցության մեջ փորձ է արվում ծածկել արհեստածին, 74-էջանոց քարոզչական «աղմուկով»։

Սա հանրային հիշողության բռնաբարություն է․ ազգային ողբերգության, զոհերի հիշատակի և կորսված Արցախի շուրջ համախմբվելու ու խոկալու փոխարեն, հանրությանը պարտադրվում է կեղծ, ներհայկական «արյունահեղություն»՝ ընդդեմ սեփական Եկեղեցու։

44-օրյա պատերազմից հետո, երբ պետական ինստիտուտները կազմալուծվել են, բանակը ենթարկվում է սողացող կազմաքանդման, իսկ արտաքին քաղաքականությունը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մնացել է այն եզակի համահայկական ինստիտուտը, որը պահպանում է ազգային ինքնությունն ու դիմադրողականությունը։

Եվ ահա, սեպտեմբերի 27-ի նախօրեին ներսից հարված է հասցվում հայոց վերջին «իմունային համակարգին»։ Սա դասական «աուտոիմուն» դիվերսիա է․ արտաքին ագրեսիայի ու ազգային ողբի տարելիցին ընդառաջ՝ ներսի վարչախումբը, վերածվելով օտարածին մահաբեր վիրուսի, գրոհում է սեփական հոգևոր բերդը՝ թշնամու համար ճանապարհ հարթելով դեպի հայի հոգու վերջնական կապիտուլյացիա։

Թուրք-ադրբեջանական դուետի գլխավոր, անփոփոխ պահանջներից մեկը միշտ եղել է հայկական ազգային-համախմբող գործոնների, այդ թվում՝ Սփյուռքի, Արցախի հարցի և Հայ Եկեղեցու վերջնական չեզոքացումն ու կազմալուծումը։

Սեպտեմբերի 27-ի նախօրյակին Եկեղեցին «բռնազավթված» հայտարարելու և 74-էջանոց մատնագրով վարկաբեկելու փորձը յուրօրինակ «հաշվետվություն» ու «ռևերանս» է դրսի տերերին․ բացահայտ ցուցադրություն Անկարային ու Բաքվին առ այն, որ հայոց դիմադրողականության վերջին ամրոցը ևս ենթարկվում է համակարգված ու հետևողական քանդման։ Սա ապացույց է, որ ներսի վարչախումբը պատրաստ է անվերապահորեն կատարել թշնամու բոլոր նախապայմանները՝ սեփական իշխանատենչությունը պահպանելու դիմաց։

Բայց ֆամուսովներն ու զագորեցկիները, իրենց քարոզչական ՊՈԱԿ-ներով ու թուրք հովանավորներով հանդերձ, մոռանում են պատմության գլխավոր, անողոք դասը․ 1725-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի ծնկել, չի բռնազավթվել և չի կործանվել ո՛չ արաբական խալիֆայության, ո՛չ օսմանյան լծի, ո՛չ էլ բոլշևիկյան «անաստվածության» արյունոտ տարիներին։ Այն առավել ևս չի՛ կործանվի թուրքի պատվերով գրված 74-էջանոց թղթիկներով ու դրանց տակ ստորագրած ժամանակավոր չինովնիկների անցողիկ վարչախմբով։

Պատմության աղբանոցն արդեն կլանել է եկեղեցաքանդ ու ազգադավ բոլոր կայսրություններին, իսկ Սուրբ Էջմիածինը կանգուն է ու հավերժ։

Երբ Չացկին հեռանում էր ֆամուսովների նեխած հասարակությունից, նա դատապարտող գոչեց․

«Карету мне, карету!»։

Նիկոլական վարչախմբի համար պատմությունն արդեն իսկ պատրաստում է այդ նույն կառքը՝ դեպի անվերադարձ մոռացում, հանրային անեծք ու պատմական անխուսափելի պատասխանատվություն։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ